Սիրտ-անոթային հիվանդությունները տարվա ընթացքում բազմաթիվ կյանքեր են խլում։ Այդ իսկ պատճառով բժշկության այս ոլորտն անընդհատ զարգացման և նոր տեխնոլոգիաների ու դեղորայքների կիրառման կարիք ունի։
ԵՊԲՀ անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բ.գ.դ, համալսարանական կլինիկական №1 հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար սրտաբան Հմայակ Սիսակյանն այս ոլորտի զարգացման համար կարևորում է երկու խնդիր, որոնք են՝ մասսայականացնել սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելող միջոցառումները և մեծացնել առողջ ապրելակերպի մասին տեղեկատվությունը։
Իր խոսքում սրտաբանը նշում է․ «Մենք զգալիորեն ետ ենք մնում տեխնոլոգիական տեսակետից։ Օր․ փականային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, որը չի իրականացվում Հայաստանում, օժանդակ սարքերի կիրառումը ծանր սրտային անբավարարությունների դեպքում»։
Հմայակ Սիսակյանը առանձնակի կարևորում է մարզային բժիշկների հետ համագործակցությունը՝ հավելելով, որ փորձի  փոխանակման համար հեռահար դասախոսություններ են անցկացվում, այցեր են լինում դեպի մարզեր, մարզային բժիշկներին Կլինիկայում վերապատրաստվելու հնարավորություն է տրվում։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարզային հիվանդանոցներում սրտաբանության ծառայությունները լինեն պատշաճ մակարդակի վրա և եվրոպական չափանիշներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերվի»․ Հմայակ Սիսակյան։