Ինչո՞ւ պետք է դեղերը դուրս գրվեն դեղատոմսով և ինչպե՞ս այն ներկայացնել հանրությանը։  Սրանք թերևս վերջին շրջանում մտահոգող ամենակարևոր հարցերն են, որոնց մասին խոսում է մասնագիտությամբ բժիշկ, «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր և նախագահ Բագրատ Լալայանը։

Դեղերի՝ դեղատոմսով դուրսգրումը հանրության կողմից ընկալվում է որպես կյանքի ավելորդ բարդացում, մինչդեռ զարգացած երկրներում այն ոչ միայն ապահովում է հիվանդների անվտանգությունն, այլև ֆինանսական փաստաթուղթ է, ստատիստիկայի չափորոշիչ և իրականացվում է բժշկական ապահովագրության սահմաններում։ Մինչդեռ Հայաստանում այս նպատակակետերը բացակայում են, ինչի արդյունքում հիվանդները բացասաբար են ընկալում երևույթը։ Ըստ Բ․ Լալայանի՝ Հայաստանում պետք է ներդրվի ապահովագրական բժշկություն, ապահովվի դեղամիջոցների մատչելիությունն ու հասանելիությունը բոլորի համար, ինչի հիման վրա էլ կձևավորվի դեղատոմսերով դեղեր ստանալու մշակույթը։